Մամուլի ծանուցում
31.03. 2014թ., Երևան – Ս.թ. ապրիլի 2-ին «Աուտիզմ ազգային հիմնադրամը» ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվաննվիրված քայլարշավ, որը կմեկնարկի ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վ․ Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ – Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ երթուղիով: Երթն ուղեկցվելու է աուտիզմի մասին բազմաթիվ իրազեկման սիմվոլներով և լոզունգներով, մասնակիցները լինելու են հատուկ շապիկներով, բաժանվելու են իրազեկման թռուցիկներ:
Քայլարշավի ավարտին Ազատության հրապարակում կկազմակերպվի միջոցառումների շարք՝ աուտիզմով երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես:
Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) նախաձեռնության շրջանակներում, տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Նախաձեռնության նպատակն է աշխարհի տարբեր քաղաքներում կարևորագույն շինությունների լուսավորումը կապույտ լույսով, որպեսզի դրանով հնարավոր լինի հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին: Տարիների ընթացքում լուսավորվել են նյույորքյան Empire State Building-ը, Սիդնեի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:
Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմիանա այդ նախաձեռնությանը և ս.թ. ապրիլի 2-ի գիշերը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Մասնակիցները՝
- «Աուտիզմ ազգային հիմնադրամի», Երևանի քաղաքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, հասարակական և ծնողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլոք:
Երբ՝ Չորեքշաբթի 2.04. 2014թ.
13:00 – 14:00 Երթ- Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վ․ Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:
14:00 Ազատության հրապարակում միջոցառումների շարք` աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, աուտիզմ ունեցող երեխաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն
19:00 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Ինչու՝ 2008թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրով՝ այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքի բարելավման անհրաժեշտությունը՝ դրանով իսկ աջակցելով նրանց լիարժեք և բովանդակալից կյանք վարելուն:
Ամեն տարի` ապրիլի 2-ին, աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպությունները իրենց երկրների կառավարությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին հանրության իրազեկումը:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել՝
- Լիլիթ Աթաջանյան, Նարինե Վարդանյան, Աուտիզմ ազգային հիմնադրամ, + 37410 580 733, icdc.child@gmail.com, www.anf.am կամ www.autism.am
- Զառա Սարգսյան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, + 37477 23 21 69, zsargsyan@unicef.org