ԵԶՄԿ-ի «Մասնագիտական զարգացում և թրեյնինգներ» ծրագրի շրջանակում կայացավ վարքային թերապիստ Մարինա Գաբրիելյանի զեկույցը «Աուտիզմ ունեցող երեխաների վախերը» թեմայով։
Աուտիզմ ունեցող երեխաների կյանքը լի է բազմաթիվ վախերով։ Այդ վախերը բազմազան են և անհատական՝ մեկը վախենում է ջրից, մթությունից, փակ տարածությունից, մյուսը՝ հեռուստացույցից, կարմիր գույնից, գինու խցանից։ Սա բացատրվում է նրանով, որ այս երեխայի վախի աղբյուրը կարող է լինել ցանկացած բան՝ այդ թվում արտաքնապես ամենասովորական և չեզոք գրգռիչները։ Այդ պատճառով հաճախ դժվար, երբեմն նույնիսկ անհնար է լինում հասկանալ, թե ինչից է վախենում աուտիզմ ունեցող երեխան։ Աուտիզմ ունեցող երեխայի վախերը կարող են պայմանավորված լինել ձայնային, լուսային, շոշափելիքի, վեստիբուլյար և այլ սենսորային ներգործությունների հանդեպ բարձր զգայունությամբ։ Պատճառ կարող են հանդիսանալ նաև արտաքին գործոնները՝ մոր հոգեֆիզիոլոգիական վիճակը հղիության ընթացքում, մեծերի կողմից վախեցնելը, ընտանիքի հոգեբանական մթնոլորտը, ծնողների չափազանց հոգատարությունը, գերխնամքը, ինչպես նաև յուրաքանչյուր գրգռիչ, որը դառնալ վախի աղբյուր`երեխան վախենում է գնալ այն բակը, որտեղ նրան շուն է վախեցրել։ Մեր՝ մեծահասակներիս խնդիրն է հասկանալ, ընդունել և հարգել երեխայի վախը, ապահովել նրա անվտանգությունը։ Որպես աուտիզմ ունեցող երեխաների վախերի հոգեշտկող մեթոդներ, կիրառում են խաղային թերապիան, արտթերապիան, հոգեգիմնաստիկան, երաժշտաթերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան։ Պետք է նշել, որ այս մեթոդները իրենցից ներկայացնում են հոգեբանական ներգործության հոգեշտկողական տեխնոլոգիաներ։ Աուտիզմ ունեցող երեխաների հուզական խնդիրների բարդությունը, բազմազանությունն ու յուրահատկությունը պահանջում են համակարգված մոտեցում՝ ուղղված հոգեշտկողական ծրագրերի մշակմանը այս և այլ հոգեշտկողական տեխնոլոգիաներ կիրառման հետ մեկտեղ։
Check Also
Seminar for therapists and parents/ Սեմինար կենտրոնի մասնագետների և երեխաների ծնողների համար
A very dear friend of International Child Development Center Adam Holmes came from England and …