«Աուտիզմ ունեցող երեխաները` Աստծո հրեշտակներ են»՝ քայլարշավ Երեւանում (ֆոտո)


Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ Երեւանում տեղի ունեցավ քայլարշավ, որը կազմակերպել էին «Աուտիզմ ազգային հիմնադրամը»՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ եւ քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։

Քայլարշավին մասնակցում էին ներառական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, աուտիզմ ունեցող երեխաներ, ծնողներ։

«Ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ, որ մեր երեխաները հոգատարությամբ են վերաբերվում իրենց հասակակիցներին, ովքեր սահմանափակ կարողություններ ունեն», – ասաց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Մեր դասարանում կա աուտիզմով երեխա։ Նա սովորում է որոշ մեր դասարանցիներից ավելի լավ», – NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց ակցիայի մասնակից երեխաներից մեկը։

«Աուտիզմը հիվանդություն չէ, դա ապրելակերպ է, հոգու տեսակ է։ Եթե մենք դա հասկանալով ջարդենք այն պատը, որը մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Ազատության հրապարակում, որտեղ ավարտվեց քայլարշավը, տեղի ունեցավ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաների նկարների եւ այլ աշխատանքների բացօթյա ցուցահանդես, իսկ Ինգա եւ Անուշ Արշակյանները կատարեցին աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված մի երգ։

«Աուտիկ երեխաները կոչվում են Աստծո հրեշտակներ», – ասաց Ռիտա Սարգսյանը, իսկ հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով երգի բառերի հեղինակն է, ավելացրեց, որ երգը հենց այդպես էլ կոչվում է՝ «Աստծո հրեշտակներ»։

Աղբյուրը՝ http://med.news.am

190 (1) 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206

 

Check Also

Նոր ծրագրի մեկնարկ Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի և Creative Educational Technologies (CET) կազմակերպության միջև

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» սկսել է իրականացնել նոր ծրագիր Creative Educational …